Տպել
16.11.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Հրանտ Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիքի, Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. մասնավորապես, դեսպանի խնդրանքով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունված ՀՀ ընտրական նոր օրենսգրքի սկզբունքային դրույթները, խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունները: Նա անդրադարձել է նաեւ այն քայլերին, որոնք ուղղված են հանրության շրջանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է իշխանությունների քաղաքական կամքը՝ անցկացնելու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արդար եւ թափանցիկ ընտրություններ: Խմբակցության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ բարեփոխման փուլում է նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը: Երկուստեք կարեւորվել է դիտորդական առաքելությունների ներկայությունը ընտրական գործընթացներում:

Դեսպան Մարտինա Քուիքը հետաքրքրվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումներով եւ այդ հարցում հայկական կողմի դիրքորոշմամբ: Ի պատասխան Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը խնդրի կարգավորումն այսօր էլ ակնկալում է բացառապես խաղաղ եւ բանակցային գործընթացով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դեսպան Քուիքը նշել է, որ իր երկիրը նույնպես խնդրի կարգավորումն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ՀՀ-Եվրամիութուն գործակցությանը, հայ-շվեդական հարաբերությունների՝ այդ թվում նաեւ՝ միջխորհրդարանական համագործակցության սերտացման անհրաժեշտությանը: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկա փետրվարին Հայաստան կայցելի Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել հանդիպումները եւ քննարկել հայ-շվեդական հարաբերություններին վերաբերող հարցեր: