Հոկտեմբերի 14-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը:
Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը:
Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արտաշես Խալաթյանը: Նախագծի կարեւորությունը հիմնավորվում է ՀՀ-ում փաստաբանական գործունեության զարգացման եւ այդ ճանապարհին առկա նորմատիվ-կառուցակարգային խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վստահորդների իրավաբանական սպասարկման արգելքին:
Քննարկվել է նաեւ Պարույր Խաչատրյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությամբ նախատեսված է դատական ակտի կատարման այլ ժամկետ, որը հաստատված է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում:
Էդգար Հակոբյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել «Բնակչության հոգեբանական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանում հոգեբանական օգնության եւ սպասարկման բնականոն իրականացումը՝ պահպանելով գործընթացներում ներգրավված անձանց հոգեկան առողջությունը:
Քննարկվել է նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության դերի բարձրացում, տնտեսության զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, հասարակության միջին խավի ձեւավորում եւ դրանով իսկ աղքատության հաղթահարում, ինչպես նաեւ երկրում սոցիալական համերաշխության եւ քաղաքական կայունության ապահովում:
Օրենքների նախագծերի քվեարկությունները տեղի կունենան Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստում:
Նիստն ավարտվել է պատգամավորների հայտարարություններով: