Տպել
09.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին կայացած հերթական նիստում քննարկել է պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է Գյումրի քաղաքում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար սահմանել որոշակի հարկային արտոնություններ, որի արդյունքում Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ եւ առանձնահատուկ արտոնյալ պայմաններ: Առաջարկվում է նաեւ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը սահմանել ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, ստեղծելու նոր աշխատատեղեր մարզում:

Թեեւ նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական էր, այդուհանդերձ որոշվել է նախագիծն ընդգրկել ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում՝ մեկ անգամ եւս քննարկելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարզեցնել ցածր արժեք ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը, ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությանն է միացվել նաեւ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով միասնական մոտեցում կսահմանվի շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության եւ վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաեւ ինտերնետային շահումով խաղերի վրա:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը:

Օրենքների նախագծերը, ինչպես նաեւ հաշվետվությունը կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը որոշել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի, «Օդային օրենսգրքի» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...