Տպել
08.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է հանձնաժողովի հերթական նիստ, որում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խրախուսելու, ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ: Վարդան Եղիազարյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին էապես նվազել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դիմորդների թիվը, նվազել է նաեւ կրթահամալիրի քոլեջ դիմողների թիվը: Նշված եւ այլ խնդիրների լուծման համար հեղինակն առաջարկում է նաեւ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերով սովորողների համար ուսման ողջ ժամանակահատվածում սահմանել վարձատրություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով եւ թույլ տալ համակարգում առկա միջին խմբի հաստիքներում աշխատանքի ընդունել նաեւ ոչ ոստիկանի մասնագիտություն ունեցող քաղաքացիների, որոնց մասնագիտությունների ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության կողմից: Ըստ Ոստիկանության պետի տեղակալի, եթե խորհրդարանն ընդունի սովորողների վարձատրության վերաբերյալ նշված առաջարկը, ապա տարեկան կտրվածքով պետական բյուջեից կպահանջվի 368 մլն դրամ:

Առաջարկված լրացումների վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետները միանշանակ չէին. եղան բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ, որոնք, ինչպես եզրափակիչ ելույթում նշեց հիմնական զեկուցողը, մանրամասն կքննարկվեն:

Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի եւ ՀՀ կառավարության «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը: