Տպել
07.09.2016
«Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է». Էդուարդ Շարմազանով
1 / 4

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 6-ին համատեղ հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբերի անդամների հետ:

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ շփումները դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ որպես Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում է հատուկ ընդգծել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջեւ սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ բարեկամության խմբերի փոխգործակցությունը կարող է ներդրում ունենալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցության հաստատման գործում: ԱԺ փոխնախագահն Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբերին հրավիրել է այցելելու Հայաստան:

Հայկական պատվիրակության ղեկավարը կարեւորել է հայ եւ արգենտինացի խորհրդարանականների՝ միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Շարմազանովն արգենտինյան կողմին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը՝ մասնավորապես նշելով. «Մենք ապրում ենք մարտահրավերներով լի բարդ տարածաշրջանում, որտեղ մի կողմից Թուրքիան արդեն շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից Ադրբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար: Բոլորը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախահայությունն ինքնորոշվելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ: Արցախի միջազգային ճանաչումն օրվա հրամայական է»:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ փոխգործակցության համաձայնագիր է ստորագրվել:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...