Տպել
30.08.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ
1 / 3

Օգոստոսի 30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպման շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ:

Ողջունելով իր հայ գործընկերոջը սեփական հարկի տակ՝ Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել են մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաեւ երկու երկրների նախագահների մակարդակով:

Որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ՝ երկու բարձրաստիճան խորհրդարանականների կողմից ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության դերը, որի զարգացման գործում էական է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին մեծապես կարեւորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ բազմակողմ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ կառուցողական փոխգործակցության զարգացման կարեւորությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետեւողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության մարտահրավերներին՝ երկուստեք կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության երաշխիքների ապահովումը, որն այլընտրանք չունի: Տիկին Նաղդալյանը բարձր է գնահատել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից դեռեւս 2005 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանն իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների եւ դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը թեեւ դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցեւայնպես ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել լեհ գործընկերոջը ջերմ ընդունելության եւ հանդիպման համար:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...