Տպել
19.08.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է մեդալակիր հայ մարզիկներին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի  Դաշնային Հանրապետությունում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հաղթանակած,  ոսկե ու արծաթե մեդալներ նվաճած մարզիկներին:  Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
  
«Սրտանց շնորհավորում եմ «Ռիո 2016»-ում  փառահեղ  հաղթանակներ  կերտած  մեր մարզիկներին.  Արթուր Ալեքսանյանին` 31-րդ ամառային օլիմպիական խաղերի  չեմպիոնի բարձր պարգեւը նվաճելու համար,  փոխչեմպիոններ  Միհրան Հարությունյանին,  Գոռ Մինասյանին  եւ Սիմոն Մարտիրոսյանին:  Սիրելի հայորդիներ,  հպարտ ենք ձեզնով՝  օլիմպիական խաղերում ձեր ցուցաբերած  գրագետ ու պրոֆեսիոնալ մրցելույթներով: Շնորհիվ ձեզ հայոց եռագույնը կրկին բարձրացավ  եւ  ի  լուր աշխարհի հնչեց հայոց օրհներգը:  
   
Շնորհավորում եմ  նաեւ համայն հայությանը, քանզի հպարտ ենք ձեզնով ու վստահ ենք, որ հաղթանակները շարունակական կլինեն ապագայում  եւս  մյուս միջազգային  մարզական միջոցառումներում:  Վստահ եմ, որ ձեր հաղթանակները օրինակ կլինեն Հայաստանի ապագա չեմպիոնների համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակների կապակցությամբ` ձեզ հարգելի մարզիկներ, մաղթում եմ նորանոր վերելքներ ու  նվաճումներ: Իսկ այն, որ ձեր հաղթանակներն ուղղեցիք սահմանին կանգնած մեր քաջորդիներին  եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոս տղաներին,  դա վկայում է ձեր հայրենասիրության ու մարդկային վեհ արժեքների մասին: Փառք ու պատիվ ձեզ,  սիրելի մարզիկներ»: