Տպել
27.05.2016
Ներկայացվել են ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքները
1 / 1

Մայիսի 27-ին տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա մանրամասներ է ներկայացրել մայիսի 22-25-ը Աթենքում կայացած ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքների վերաբերյալ:

Հովհաննես Մարգարյանը նշել է, որ նիստի օրակարգային հարցերից է եղել ՍԾՏՀ 12 երկրների փախստականներին վերաբերող հարցը: Պատգամավորը քննարկված հարցը համարել է մտահոգիչ թե՛ Հայաստանի եւ թե՛ այլ երկրների համար: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը թեմայի վերաբերյալ համապարփակ զեկույց է ներկայացրել, որում մանրամասն ասվում է, թե Հայաստանում փախստականների իրավունքները պաշտպանելու հարցում ինչպիսի փոփոխություններ են կատարվել:

Ադրբեջանական պատվիրակությունը քննարկվող հարցի վերաբերյալ բանավոր ելույթում ստահոդ մեղադրանքներ է հնչեցրել թե՛ Հայաստանի եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի հասցեին՝ Ադրբեջանում մեծ թվով փախստականների առկայության համար, ինչին հայկական պատվիրակությունը հակադարձել եւ ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ՝ ասելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատգամավորներն իրականացնում են հայտնի սադրանքը:

Նիստում նաեւ քննարկվել են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեին վեհաժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ օրակարգային հարցերում լրացումներ կատարելու վերաբերյալ, սակայն դրանք չեն ընդունվել, քանի որ կանոնակարգի համաձայն՝ կառույցում բոլոր հարցերը պետք է ընդունվեն կոնսենսուսով:

Նիստում Հովհաննես Մարգարյանը վերընտրվել է ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Հովհաննես Մարգարյանը նաեւ պատասխանել է լրագրողների հարցերին: