Տպել
25.05.2016
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է բյուջեի կատարողականը
1 / 5

Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ:

Համատեղ նիստում քննարկվել է 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություններին, ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված միջոցների կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություններին եւ ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացված ծախսերի կատարման հաշվետվությունը եւ նշել, որ հաշվետու տարում իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը. գումարներ են տրամադրվել նաեւ պահուստային ֆոնդից:

ՀՀ գլխավոր գանձապետը տեղեկացրել է, որ 2015 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է 22 ծրագիր` ապահովելով 100,57 տոկոս կատարողական եւ ծախսելով 13 միլիարդ դրամ: Նա հավելել է, որ ծրագրերի կատարողականի գերազանցումը 100 տոկոսից պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող հատկացումներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաշվետու տարում իրականացրել է 11 ծրագիր` ծախսելով 2,1 միլիարդ դրամ եւ ապահովելով 96,2 տոկոս կատարողական: Ծառայությանը 236 միլիոն հատկացվել է պահուստային ֆոնդից:

ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ` 2015 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 29 բյուջետային ծրագիր` ծախսելով 3 միլիարդ 753 միլիոն դրամ եւ ապահովելով 98,4 տոկոս կատարողական:

2015 թվականին ՀՀ ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեն իր պարտավորությունները կատարել է 98 տոկոսով` իրականացնելով 44 ծրագիր եւ ծախսելով 37,7 միլիարդ դրամ: 2 միլիարդ 171 միլիոն դրամ այս կառույցին հատկացվել է պահուստային ֆոնդից:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է 2015 թվականին իրականացված`  սերմնաբուծության, պարարտանյութերի եւ դիզվառելիքի տրամադրման, գյուղական համայնքների ռեսուրսների մրցակցության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրերը, ջերմոցաշինության, այգիների ավելացման ծրագրերը, որոնց իրագործման արդյունքում դրական տեղաշարժեր են գրանցվել: Նախարարի խոսքով՝ ցանքատարածություններն ավելացել են 19 հազար հեկտարով, հատկապես նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել է ցորենի ցանքատարածությունների բերքատվությունը: Բուսաբուծության ոլորտի զարգացման վրա իրենց դրական ազդեցությունն են ունեցել ջերմոցաշինությունը եւ նոր այգիների ավելացումը: Ըստ նախարարի՝ անանասնաբուծության ոլորտը նույնպես զարգացում է ապրել. հանրապետության 8 մարզերի 130 համայնքներում այդ ուղղությամբ ծրագրեր են իրականացվել:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, անդրադառնալով հաշվետու տարում իրականացվող ծրագրերի շարունակականությանը, նշել է, որ շահագործման է հանձնվել Մեղրու ինքնահոս համակարգը, իսկ Արփա-Սեւան թունելի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի: 2015 թվականին Սեւանա լճից լրացուցիչ ջրառ չի կատարվել:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խոսել է Սեւանա լճի ջրածածկ տարածքների մաքրման, լճի ձկնային եւ խեցգետնի պաշարների պահպանման, ձկան պաշարների համալրման ծրագրերի, ինչպես նաեւ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի շահագործման մասին: