Տպել
16.05.2016
Հերթական բաց դասը վարել է Արտակ Դավթյանը
1 / 4

Մայիսի 16-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցականները նախ հետեւել են ԱԺ նիստի աշխատանքներին, ապա մասնակցել բաց դասին, որը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հանձնաժողովի նախագահը աշակերտներին ներկայացրել է ԱԺ կազմը, կառուցվածքը եւ օրենսդրական գործունեությունը: Դպրոցականների խնդրանքով հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով: Հարցադրումները ներառել են կրթական ոլորտը, ԲՈՒՀ-երի առաջիկա ընդունելության քննությունները: Անմասն չեն մնացել նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերը: Աշակերտների բոլոր հարցադրումներին ու մտահոգություններին Արտակ Դավթյանը տվել է հանգամանալի եւ սպառիչ պատասխաններ: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումն անցել է ջերմ ու անկեղծ մթնոլորտում:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը Աշոցքից ժամանած հյուրերի հետ լուսանկարվել է ԱԺ նիստերի դահլիճում: