Տպել
16.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը` կից օրենքների նախագծերի փաթեթով:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԸՕ-ի հարակից փաթեթում՝ մասնավորապես «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն՝ ըստ որի, հանրային ծառայողը, եթե խախտում է ԸՕ-ով հանրային ծառայողի համար սահմանված արգելքները, կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ինչպես նաեւ կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Հանձնաժողովի անդամների որոշմամբ՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագծի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման համար ընդունվել է հատուկ ընթացակարգ: Ըստ այդմ՝ հիմնական զեկուցողին կտրամադրվի մինչեւ 1 ժամ՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար եւ երրորդ ընթերցումը կկազմակերպվի երկրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը` կից օրենքների նախագծերի փաթեթով ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մայիսի 16-19-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի անդամների որոշմամբ՝ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագծի երրորդ ընթերցումը կկազմակերպվի երկրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանի՝ օրինագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Ըստ տիկին Փոստանջյանի՝ փաստաթղթի ընդունումը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու համար:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով` հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները:

Օրինագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները: Նրանք խոսել են Արցախի Հանրապետությունն այս պահին ճանաչելու նպատակահարմարությունից, ներկայացրել են նախաձեռնության վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Առաջարկ է եղել առաջիկայում հանձնաժողովում թեմայի վերաբերյալ կազմակերպել փակ քննարկում, ինչը ողջունել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նիստում օրինագիծը չի ստացել դրական եզրակացություն: