Տպել
11.05.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Սամվել Ֆարմանյանը մայիսի 11-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով համազեկուցողներին, շնորհակալություն է հայտնել նրանց արդյունավետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ներդրած աշխատանքի համար:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում շարունակվում են սկսված բարեփոխումները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը կարեւորել է Հայաստան-ԵԽ 2015-2018 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող համակարգային եւ օրենսդրական բարեփոխումներին:

ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումները եւ դրան հաջորդող գործընթացները, անդրադարձել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին:

Խոսելով մեր երկրում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության մասին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետության քաղաքականության գերակա խնդիրներից է: Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական խումբ, հաստատվել է 2015-2018 թթ. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Տիկին Նաղդալյանն անդրադարձել է ապրիլի սկզբին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին: Նա ընդգծել է, որ սա 1994 թվականին ստորագրված զինադադարից հետո առաջին լայնածավալ հարձակումն էր ադրբեջանական բանակի կողմից՝ ծանր հրետանու, օդուժի եւ միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի կիրառմամբ: Այդ օրերի ընթացքում Ադրբեջանն իրականացրել է զանգվածային ռազմական հանցագործություններ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի եւ Ժնեւի կոնվենցիայի դրույթներ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն եւ միջազգային իրավական նորմերի շրջանակում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործընթացին. հայկական կողմը փաստեր է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից:

Համազեկուցող Ալան Միլը վստահեցրել է, որ իրենք կշարունակեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...