Տպել
05.05.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Մայիսի 5-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացմանն օժանդակող ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության փորձագիտական խմբի հետ:

Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել փորձագիտական խմբի աջակցությունը պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանը եւ ընդգծել հանձնաժողովի մասնակցությունը գործընթացի բոլոր շրջափուլերին` անվտանգության միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատման, պաշտպանության ոլորտում շահառու մարմինների դերերի ու առաջադրանքների հստակեցման, ՀՀ զինված ուժերի զարգացման եւ այլ ուղղություններով:

Քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, մասնավորապես ընդգծվել է պաշտպանության ոլորտի նոր օրենսդրության ձեւավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Կորյուն Նահապետյանը կարեւորել է օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին եւ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներից բխող պահանջներին:

Փորձագիտական խումբը հայտնել է ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ ոլորտի օրենսդրության եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով: