Տպել
24.04.2016
Հանդիպումներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 5

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի անդամ Լարս Ասլան Ռասմուսենին:

Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Լարս Ասլան Ռասմուսենին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու եւ իր հարգանքի տուրքը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ` ընդդեմ Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես կարեւոր քայլ՝ ուղղված կանխարգելելու հնարավոր ցեղասպանությունները:

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի մանրամասները եւ իրականությունը` մասնավորապես նախապես հակառակորդի պլանավորած նախահարձակ գործողությունները եւ այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները: Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ծավալել` խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու բանակցային սկզբունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ ԽՎ-ի փոխնախագահ Պաոլո Ալլիին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին: Արտակ Զաքարյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը եւ ցանկացած նման դեպք ու փորձ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, հակառակ դեպքում, ագրեսորը ավելի է սանձարձակվում ու դրա ապացույցներից մեկն էլ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հանցանքներն են, իսկ այսպիսի վարքագիծն անընդունելի է Հայաստանի համար:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ մյուս նմանատիպ հակամարտությունների լավագույն լուծումը՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից` Պաոլո Ալլին նշել է, որ ինքը կիսում է պարոն Զաքարյանի տեսակետները եւ, որ Հայաստանը տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից համարվում է կարեւոր երկիր, ուստի շատ կարեւոր է, որ խնդիրը քաղաքական լուծում ստանա:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Արտակ Զաքարյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այն գտնվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ուշադրության կենտրոնում:

Խոսելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումից՝ Պաոլո Ալլին շնորհակալություն է հայտնել Արտակ Զաքարյանին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար. նա հույս է հայտնել, որ այն ինչ տեղի է ունեցել, այլեւս չի կրկնվի երբեք:

Խորհրդարանականները քննարկել են նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: