Տպել
23.04.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ
1 / 2

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ այսօրվա համաժողովի աշխատանքներին մասնակցելու են եկել բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ՝ միանալով ցեղասպանությունների դեմ պայքարին:

«Մենք չենք կարծում, որ սա միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքար է: Սա աշխարհում ցեղասպանությունները կանխելու պայքար է»,- նշել է տիկին Նաղդալյանը:

Նա հավելել է, որ ցեղասպանությունները կանխելու նպատակով «Հիշում եմ եւ պահանջում» բանաձեւին անհրաժեշտ է «Այլեւս երբեք» կարգախոսի ավելացումը, ինչը ձեւակերպումն ամբողջական կդարձնի:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ վերաբերմունք է ունեցել Դանիայի նկատմամբ. դանիացի միսիոներների շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Ցեղասպանությունից:

Տիկին Նաղդալյանը փաստել է, որ չնայած բաժին հասած փորձություններին ու ողբերգություններին՝ հայ ժողովուրդը լավատես է ապագայի հանդեպ եւ երախտապարտ է դժվարին ժամանակներում իրեն ձեռք մեկնած եղբայրական ժողովուրդներին:

Կարեւորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին Դանիայի մասնակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր գոհունակությունն է հայտնել, որ բարեկամ պետությունը շարունակում է պայքարել ցեղասպանությունների դեմ:

Հերմինե Նաղդալյանն ընդգծել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը:

Հանդիպման ավարտին Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի խնդրանքով Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ անդրադարձել ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին: