Տպել
22.04.2016
Ապրիլի 21-ի ԵԽԽՎ նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը

«Հարգելի գործընկերներ, ահաբեկչության սարսափելի դեմքը, այն բարբարոսական եւ անմարդկային արարքները, որոնք իրականացվել են «Իսլամական պետության», Ան-Նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, վերջին տարիներին սարսափի մեջ են պահում մեզ բոլորիս: Այս խմբավորումները մարտահրավեր են նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, մեր կողմից դավանած արժեքներին եւ սկզբունքներին, դրանով առաջացնելով խոր զայրույթ. մենք պարտավոր ենք արձագանքել:

Այն, ինչը կարծես թե հեռու էր թվում Եվրոպայից, այսօր բախում է այս մայրցամաքի մայրաքաղաքների՝ Փարիզի, Բրյուսելի դռները: Անգամ մինչեւ այս ահաբեկչությունների իրականացումը Եվրոպայում, տվյալ բնագավառի շատ փորձագետներ բազմիցս զգուշացնում էին, որ ԻՊ-ին միացած կամավորները, անցնելով հոգեւոր եւ ռազմական նախապատրաստում Մերձավոր Արեւելքում, ձգտելու են արյունահեղության եւ բռնության տարածման: Նախազգուշացումներն անտեսվեցին, եւ ահա վերջերս այս ամենի հետ բախվեցին Փարիզն ու Բրյուսելը, եւ սա միանշանակ այն ոճն է, ինչի հետ ապրիլի սկզբին բախվեցին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Ողջ Եվրոպան ցնցված էր այն սարսափելի տեսարաններից, որոնց մենք ականատես եղանք. խաղաղ բնակիչներ, որոնք սպանվեցին համերգների, թատերական ներկայացումների ընթացքում, մարդիկ, ովքեր պարզապես ճամփորդում էին: Ո՞րն էր նրանց մեղքը, ո՞րն էր մեր բոլորի մեղքը, ինչպե՞ս մենք կարող էինք պաշտպանել մեր խաղաղ բնակիչներին: Իրենց տներում հատուկ ուժայինների կողմից սպանված եւ խոշտանգումների ենթարկված ծեր մարդկանց սարսափելի լուսանկարները, զինվորականների խոշտանգումների տեսագրությունները, որոնք հայտնվել են ԶԼՄ-ներում, դպրոցի բակում սպանված երեխան, բոլոր այս սարսափելի հանցագործությունները կատարվել են ահաբեկչական ոճը որդեգրած ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների եւ զինվորականների դեմ: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ունեն հավաստի փաստեր, որ ադրբեջանական ուժերը, կիրառելով ԻՊ-ի եւ Ալ Նուսրայի նախկին փորձը, իրականացրել են այս սարսափելի գործողությունները, իսկ դաժանության նմանությունները հաստատում են այս պնդումները:

Ցանկանում եմ իմ գործընկերների եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործությունների:

Հարգելի գործընկերներ, հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Եվրոպայի մի հատվածում կատարված դժբախտության անտեսումը կարող է հանգեցնել այլ բռնությունների, հետեւաբար հարկավոր են համատեղ եւ հստակ գործողություններ՝ այն մեկընդմիշտ արմատախիլ անելու համար»: