Տպել
15.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան- Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում պաշտոնական հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուչինսկու հետ:

Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների նախագահները շնորհակալություն են հայտնել հրավերն ընդունելու եւ Լեհաստանի Հանրապետություն այցելելու համար. այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին:

Էդուարդ Շարմազանովը նախագահներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-4-ը սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես, երեխայի սպանությունը, դիակների անդամահատումները, գլխատումները, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց սպանություններն իրենց տներում:

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ, ազատ ու անվտանգ հայրենիքում, ինչպես Լեհաստանի ու մյուս պետությունների ժողովուրդները»,- իր խոսքում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելել է, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, եւ Թուրքիան, փակելով Հայաստանի Հանրապետության հետ սահմանները, փաստացի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կունենա համագործակցության հաստատված համաձայնագիր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչությունը եւ միջազգային ատյաններում հնչեցնել հասցեական քննադատություն, քանի որ ակնհայտ է այն փաստը, որ Արցախի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհեր ունենալու մեղքի ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ներկայիս հանցավոր իշխանության ուսերին: ՀՀ խորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ մերժում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը թե՛ Մինսկի խմբի եւ թե՛ մյուս բոլոր ձեւաչափերով:

Խոսելով լեհ-հայկական երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի երկու պալատների նախագահները վստահեցրել են, որ հատկապես միջազգային հարթակներում Հայաստանն ունի լեհական կողմի մեծ աջակցությունը: Այդ աջակցության շարունակման, արդյունավետ ու համակարգված աշխատանքի ապահովման համար քննարկվել են համատեղ աշխատանքների իրականացման ձեւաչափեր:

ՀՀ ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների նախագահներին բարձր մակարդակով ընդունելության համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարի լրանում է Լեհաստանում հայկական համայնքի ձեւավորման 650-ամյակը:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...