Տպել
26.02.2016
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 26-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ:

Ողջունելով դեսպանին` Կորյուն Նահապետյանը կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը: Նա առանձնացրել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հաստատումը:

Անդրադառնալով մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` հանձնաժողովի նախագահն ընդգծել է խորհրդարանական կառավարման առաջավոր փորձ ունեցող Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետ փորձի փոխանակումը` կարեւորելով պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում օրենսդրության մշակման, խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կատարելագործման ուղղություններով խորհրդատվական աջակցությունը:

Դեսպանը նշել է խորհրդարանների էական դերակատարումը միջպետական հարաբերությունների զարգացման գործում եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Պարոն Նահապետյանը նշել է, որ հակամարտության կարգավորման գործում Հայաստանը գնահատում է Մեծ Բրիտանիայի հավասարակշռված մոտեցումը եւ ողջունել այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը եւ նույնպես կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին եւ այլ հարցերի:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...