Տպել
18.02.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 18-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Դրամարկղային գործառնությունների մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծի նպատակն է վերանայել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դեպքում կանխիկ վճարումների համար կիրառվող սահմանափակումները: Գործող օրենսդրությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3 մլն դրամը, որի սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն: Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումներն այն բոլոր դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց եւ տնտեսվարվող սուբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս են ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նախագծի նպատակը ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովումն է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում համապատասխան պետական մարմինների եւ օբսիդիանի(վանակատ) հանքաքար օգտագործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում: Ըստ Էմիլ Տարասյանի՝ անհրաժեշտ է նվազեցնել օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը:

Օրենքների նախագծերն ստացել են դրական եզրակացություն. դրանք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ փետրվարի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կանոնակարգել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների գործունեությունը՝ սահմանելով դրա իրականացման համար հստակ պահանջներ: Մասնավորապես, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողները պարտավոր կլինեն յուրաքանչյուր երթի համար վճարել պետական տուրք եւ սպառողի հետ կնքել պայմանագիր:

Հանձնաժողովի անդամները փաթեթի վերաբերյալ արտահայտել են իրենց մտահոգությունները՝ նշելով, որ այն պարունակում է որոշակի ռիսկեր: Ուստի հանձնաժողովի որոշմամբ՝ փաթեթը կընդգրկվի միայն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում՝ այն եւս մեկ անգամ քննարկելու նպատակով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...