Տպել
16.02.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Փետրվարի 16-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հրանտ Բագրատյանը ներկայացրել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որի նպատակն է տարբեր ժամանակների ՀՀ վարչապետի կամ նախարարի համար ապահովել սոցիալական երաշխիքներ:

Մասնավորապես՝ հեղինակն առաջարկում է առնվազն երեք օրացուցային տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ նախարարի պաշտոն զբաղեցրած անձի՝ 65 տարին լրանալու դեպքում, նրա համար սահմանել կենսաթոշակ:

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական եզրակացությունն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Տաճատ Վարդապետյանի, Համլետ Հարությունյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի եւ Արշակ Մխիթարյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: