Տպել
29.01.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ եւ հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ Դուք փայլուն կերպով ներկայացնում ու հանրայնացնում եք թե՛ հայկական, թե՛ համաշխարհային օպերային երաժշտությունը: Աշխարհի խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում հնչած Ձեր` 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի ձայնը, հարուստ երգացանկն ու տպավորիչ դերերգերը հանդիսատեսի համար նորովի են բացահայտել հայտնի ստեղծագործությունները` Ձեզ իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման եւ օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին:

Այսօր էլ շարունակվում է Ձեր անմնացորդ նվիրումն արվեստին ու երաժշտությանը, եւ Ձեր ղեկավարությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաջողությամբ ու ոգեւորությամբ արվեստասերներին է ներկայացնում համաշխարհային մշակույթի գանձարանը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ստեղծագործական շարունակական վերելք»: