Տպել
26.01.2016
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունվարի 26-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Օրենքի նախագծով ռազմական ոստիկանության գործունեության իրավական հիմքերի շարքում ներառվում են նաեւ այն նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց համաձայն ռազմական ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, որոնք հիմնական մասով իրենց արտացոլումն են գտել նաեւ ՀՀ կառավարության 19.07.2007թ. թիվ 884-Ն որոշմամբ սահմանված ռազմական ոստիկանության կառուցվածքում: Նախագծով սահմանվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ եւ 98.11-րդ հոդվածների հիման վրա պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ կարգապահական գումարտակից եւ կայազորային կարգապահական մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին նշանակված զորամասեր տեղափոխելու գործընթացում ռազմական ոստիկանության կողմից ներկայումս իրականացվող պրակտիկան, սահմանվում են ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը, որոնք ներառելու են ռազմական ոստիկանության ծառայողների իրավունքների ու պարտականությունների նկարագիրը եւ տվյալ պաշտոնում ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ռազմական ոստիկանության ծառայողի պարտադիր ատեստավորումը:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը եւ նշել, որ դրա ընդունմամբ կլուծվեն ոլորտային կոնկրետ խնդիրներ: Պարոն Նահապետյանն իր նկատառումներն ու առաջարկներն է ներկայացրել օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որոնք մասնավորապես վերաբերում են ռազմական ոստիկանության ծառայողի պարտադիր ատեստավորման եւ ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերի գործընթացներին, ռազմական ոստիկանության կառուցվածքին եւ այլ հոդվածների:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է վարկային համաձայնագրեր:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու ընտրված կենսական նշանակության ճանապարհները: Մասնավորապես նախատեսվում է վերանորոգել կենսական նշանակության ճանապարհների՝ մոտավորապես 190 կմ ընտրված հատվածները:

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը ներկայացրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրվի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու ՀՀ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները՝ ապահովելու ավելի արդյունավետ, ապահով եւ մատչելի տրանսպորտային ծառայություններ: Ծրագիրը բաղկացած է քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի, կառույցի եւ ծրագրի իրականացման բաղադրիչներից: Կամո Արեյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է ծրագիրն ավարտել 2020 թ.-ին:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...