Տպել
26.12.2015
Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:

Մանկատանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շրջելով երեխաների ննջասենյակներում, խաղասրահում, դասասենյակներում եւ գրադարանում, նկատել է, որ իր նախորդ այցելությունից հետո, որը 2014 թվականի դեկտեմբերին է եղել, մանկատանը կատարվել են որոշ դրական փոփոխություններ:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ 2015 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել է 2 երեխա, 2 երեխա հանձնվել է խնամակալության, իսկ 6 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներին:

Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշական հեքիաթ-ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը բարձր է գնահատել մանկատան սաների եւ ուսուցիչների կատարած աշխատանքը եւ հավաստիացրել, որ մանկատունը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Նա ողջունելի է համարել այն, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով քաջառողջություն եւ նվիրական երազանքների իրականացում:

Նշենք, որ ԱԺ նախագահը մանկատան երեխաների համար բազմաթիվ նվերներ ու մանկատանն անհրաժեշտ այլ իրեր էր տարել: