Տպել
25.11.2015
Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային համաժողովի եւ հանդես եկել ելույթով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ,

Միջազգային իրադրությունը ՀԱՊԿ-ի շուրջ շարունակում է լարված մնալ: Պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում նկատվել են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ: Անկասկած, անցած ժամանակաշրջանում առանցքային դրական փոփոխությունն ընթացիկ տարվա հուլիսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումն էր:

Վերջին շրջանի իրադարձությունները հաստատում են տարատեսակ սպառնալիքների աճը: Նախ եւ առաջ, խոսքը գնում է ահաբեկչության սպառնալիքի մասին: Ահաբեկչությունն ամրապնդվում է քանակապես, գաղափարապես եւ ֆինանսապես` վճռորոշ դեր խաղալով տարածաշրջանային հարցերում: Ահաբեկչությունների շարքը, որոնք տեղի ունեցան վերջերս Եգիպտոսում, Լիբանանում եւ Փարիզում, դրա վառ վկայությունն են:

Հայերը վերջին տարիներին իրենց մաշկի վրա անմիջականորեն զգացել են ահաբեկչության բոլոր բացասական հետեւանքները: Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան արտագաղթել երկրից: «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրեցին սիրիական Դեյր էզ-Զոր քաղաքի հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Եկեղեցու պայթեցումը բարբարոսության դասական օրինակ է:

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ահաբեկիչների գործողություններին, կանգեցնի դրանց սնող ֆինանսական հոսքերը, արգելի երրորդ պետությունների տարածքների օգտագործումը միջսահմանային հարձակումների, օտարերկրյա զինյալների հավաքագրման եւ տարանցման համար:

Այստեղ ես կցանկանայի մի փոքր մանրամասն կանգ առնել, քանի որ ակնհայտ է մեր տարածաշրջանում որոշ պետությունների ոչ ադեկվատ արձագանքը ահաբեկչության դեմ պայքարում: Մեզ համար այն նորություն չէ. դեռեւս 90-ականների սկզբին Ադրբեջանի տարածքը վերածվել էր կենտրոնի, որտեղ ահաբեկիչ-մոջահեդները նախապատրաստում էին Կովկասի տարածաշրջանում իրականացվելիք իրենց գործողությունները: Այնտեղ բազմիցս ապաստան էին գտնում այնպիսի ահաբեկիչներ, ինչպիսիք էին Շամիլ Բասաեւը եւ նրա նմանները:

Հարգելի գործընկերներ,

Հարկ է նշել, որ սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց կիրառել ծանր հրետանի՝ պարբերաբար կրակահերթի տակ պահելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերը:

Վերջին ամիսներին ադրբեջանական հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք: Ինչ անվանում կարելի է տալ այս քաղաքականությանը: Խաղաղ բնակիչների սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Ադրբեջանի սադրիչ քայլերի վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը կարող է հանգեցնել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը:

Մենք կոչ ենք անում բոլորին հրաժարվել մեր տարածաշրջանում ուժի կիրառումից: Ինչպես ասում էին Հին Հռոմում, երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:

Մենք անթույլատրելի ենք համարում նախօրեին ահաբեկչության դեմ պայքարող ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից:

Միջազգային կազմակերպություններում մենք միշտ չէ, որ միանման ենք քվեարկում մեր երկրներից յուրաքանչյուրի համար կարեւոր հարցերի շուրջ: Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ հակազդելու տարատեսակ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակասում են ՀԱՊԿ անդամ պետություններից մի քանիսի կամ նույնիսկ մեկի շահերը:

Վերջում կցանկանայի նշել, որ մենք նպատակադրված ենք ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:

Շնորհակալություն ուշադրության համար»:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...