Տպել
20.10.2015
Գալուստ Սահակյանը Կանադայի Սենատի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի Սենատի խոսնակին հանդիպման համար եւ փաստել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Լեո Հուսակոսի՝ երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ փոխգործակցությունը խթանելու պատրաստակամությունը:

ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Մեր խորհրդարանների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում կրում է մշտական եւ կառուցողական բնույթ: Մենք երախտապարտ ենք կանադական կողմին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար»:

Խոսելով հայ-կանադական բարեկամական հարաբերությունների մասին՝ Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Կանադայի անկեղծ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվել է նաեւ 2002 թվականին, երբ Կանադայի Սենատի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը վերահաստատվել է այս տարվա մայիսին: ԱԺ նախագահը նշել է, որ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է Կանադայի դիրքորոշումը, ըստ որի՝ մարդկության դեմ իրագործված նման ոճիրները պետք է դատապարտվեն եւ կանխարգելվեն:

«Մենք բարձր ենք գնահատում նաեւ Կանադայի հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,-եզրափակել է իր խոսքը Գալուստ Սահակյանը:

Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են:

«Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաեւ հայերը: Մենք հպարտանում ենք նրանցով»,-նշել է Սենատի խոսնակը:

Լեո Հուսակոսը վստահեցրել է, որ հայ-կանադական համագործակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի: Կանադայի Սենատի ղեկավարի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին եւ սպառիչ պատասխաններ տվել ադրբեջանական ագրեսիայի եւ հայկական հակազդեցության վերաբերյալ:

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող սահմանադրական բարեփոխումների մասին:

Հանդիպման ավարտին Սենատի խոսնակն ընդունել է Գալուստ Սահակյանի հրավերը եւ հայտնել, որ հաջորդ տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան:



20.10.2015
Տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 20-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի նպ...

20.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 45-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 18-21-ը Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արամ Մանուկ...

20.10.2015
Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Ժնեւում հայ-ռուսական երկկողմ բարեկամական եւ բազմակողմ դիվանագիտական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնեւ կատարած այցի ընթացքում՝ Միջխոր...