Տպել
29.09.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Սեպտեմբերի 29-ին նիստեր են գումարել ԱԺ երկու մշտական հանձնաժողով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ մինչեւ մեկ տարով հետաձգվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

Կորյուն Նահապետյանի առաջարկով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի մշակման եւ երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվություն նախատեսող նոր մոտեցումների առնչությամբ կառավարությունում իրականացվող աշխատանքի վերաբերյալ:

Այնուհետեւ հանձնաժողովը փակ ընթացակարգով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Չինաստանի Արտահանման-ներմուծման բանկը 20 տարի մարման ժամկետով ՀՀ ֆինանսների նախարարությանը կտրամադրի 156 մլն չինական յուանի չափով վարկ՝ իրականացնելու «Հայաստանի մաքսային կառավարման, տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման» ծրագիրը: Մասնավորապես նախատեսվում է Հայաստանի մաքսային համակարգն ապահովել զննման տեխնոլոգիաներով: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է երկաթուղային բեռների զննման համակարգի ներդրում, որի շնորհիվ գնացքը զննվելու է առանց կանգնեցնելու, ձեռք են բերվելու նաեւ շարժական սկաներներ, ներդրվելու է էլեկտրոնային կողպեքների համակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի հետեւել, թե երբ է տեղ հասնում բեռը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է կրճատել բիզնեսի ծախսերն ու աշխատաժամանակը: Նշենք, որ վարկը ստացվելու է սարքավորումների տեսքով, այլ ոչ թե դրամային:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովն ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ներկայացմամբ ուսումնասիրել է ՀՀ Վերահսկիչ պալատի երկու ընթացիկ հաշվետվություն: