Տպել
16.09.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կազմավորման 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում

«Շնորհավորում եմ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին՝ հաստատության հիմնադրման 85-ամյակի առթիվ:

Գործունեության ընթացքում ինստիտուտի մասնագետներին, որոնց թվում քիչ չեն եղել միջազգային հանրության շրջանում հայտնի գիտնական-բժիշկները, հաջողվել է պատշաճ կերպով իրականացնել իրենց առաքելությունը, ձեւավորել ու առաջ մղել հայրենական կուրորտոլոգիան, ուսումնասիրել ու գիտականորեն ներկայացնել այս ոլորտում մեր երկրում առկա կարողություններն ու դրանց առանձնահատկությունները: Նաեւ ինստիտուտի գործունեության շնորհիվ է, որ կազմավորվել ու այսօր միջազգային համբավ են վայելում մեր այնպիսի կուրորտային գոտիները, ինչպիսիք են Արզնին, Ջերմուկը, Դիլիջանը, Հանքավանը, այլ բուժական-վերականգնողական գոտիներ՝ իրենց ոչ պակաս հանրահայտ հանքային ջրերով:

Ինստիտուտում մշակված գիտական, հետազոտական նյութը միշտ էլ ուղեկցվել է դրանց գործնական կիրառմամբ: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին իսկ օրերից մշակվեցին ու իրականացվեցին աղետի գոտու տուժած բնակչության վերականգնողական ծրագրեր ու միջոցառումներ, որոնց շնորհիվ ստացված խեղումներից ազատվեցին շատ ու շատ քաղաքացիներ:

Ինստիտուտի անձնակազմը, ի սպաս դնելով իր ողջ մտավոր ներուժն ու տեխնիկական հնարավորությունները, մեծ պատասխանատվությամբ ու պատվով դուրս եկավ նաեւ վիճակված մեկ այլ փորձությունից՝ Արցախյան հերոսական ազատագրական պայքարի տարիներին վերականգնողական բուժօգնություն կազմակերպելով նախահարձակ թշնամու կողմից վիրավորված զինվորներին ու կամավորականներին:

Մերօրյա նոր իրողությունները հետազոտական, կիրառական նոր մարտահրավերներ են առաջադրել գիտակրթական եւ վերականգնողական ու էկոլոգիական բժշկության գործնական կենտրոնի վերածված ինստիտուտի մասնագետներին: Եվ հավատարիմ մնալով իրենց տասնամյակների ավանդույթներին՝ նրանք շարունակում են մարդու առողջության պահպանման, առողջ ապրելակերպի չափանիշերի ձեւավորման ու ներդրման, էկոլոգիապես անվտանգ առողջարարական տեխնոլոգիաների մշակման ու կիրառման իրենց գործունեությունը ծավալել ժամանակակից պահանջներին ու միջազգային չափանիշերին համահունչ:

Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտն այսօր էլ շարունակում է իր առաջնահերթությունների մեջ տեսնել գիտական համագործակցությունը, միջազգային ինտեգրացիան՝ խորացնելով եղած նախկին կապերը, հաստատելով փոխգործակցության նոր ուղղություններ: Դրա ակնառու վկայությունն է նաեւ այսօր մեկնարկող միջազգային գիտաժողովը, որը թվով յոթերորդն է եւ կոչված է քննության առնելու բժշկության մեջ վերականգնման արդի տեսակետները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հոբելյանի կապակցությամբ եւ գիտաժողովին մաղթում ստեղծագործ ու արգասաբեր աշխատանք»,- ասված է ԱԺ նախագահի ողջույնի խոսքում:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...