Տպել
30.06.2015
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ամառային նստաշրջանի աշխատանքը
1 / 3

Հունիսի 30-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ են ներկայացրել հունիսի 22-26-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Վահան Բաբայանը: Պատվիրակության անդամների գնահատմամբ՝ այս նստաշրջանում իրենք աշխատել են համախմբված, ծանրաբեռնված եւ շատ արդյունավետ:

Ասուլիսի բոլոր մասնակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության, Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ հայկական սփյուռքի համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ պատվիրակությունն արձանագրել է հայանպաստ եւ նշանակալի ձեռքբերումներ: Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից հայկական պատվիրակության կատարած մեծ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել հանել «Լեռնային Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, որը զեկույցում ընդգրկելու համար, ինչպես նշել է Հերմինե Նաղդալյանը, ադրբեջանական պատվիրակությունը մեծածավալ եւ տեւական աշխատանք էր կատարել: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ վերոնշյալ ձեւակերպման դուրսմղումը Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցից շատ մեծ քաղաքական նշանակություն ունի: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մինչ լիագումար նիստը, հինգ առաջարկ են ներկայացրել Մոնիթորինգի հանձնաժողովին, որոնցից չորսի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական կարծիք:

Պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ քաղաքական եւ ոլորտային կոմիտեների աշխատանքներին եւ հարցերի քննարկմանը, ունեցել բազմաթիվ ելույթներ, հանդես եկել հարցադրումներով:

Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել պատվիրակության անդամների կատարած աշխատանքը հատկապես քաղաքական խմբերում:

Նաիրա Զոհրաբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը եւս կարեւորել են ՀՀ ԱԺ պատվիրակության, Հայաստանի դիվանագիտական կառույցների եւ հայկական սփյուռքի համատեղ եւ արդյունավետ աշխատանքը, անդրադարձել ԵԽԽՎ-ում իրականացվող լոբբիստական աշխատանքին եւ երբեմն՝ անընդունելի գործելաոճին: Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ պատվիրակության կատարած արդյունավետ աշխատանքին, նշել է, որ այն շարունակական է լինելու: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ պատվիրակության անդամ Վահան Բաբայանը հանդես է եկել զեկույցով, որը վերաբերել է չճանաչված պետություններում երիտասարդների կրթության սահմանափակմանը:

Հերմինե Նաղդալյանը փոքր պատվիրակությունների համար մտահոգիչ է համարել ԵԽԽՎ-ում որոշ, մասնավորապես՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների կողմից իրականացվող լոբբիստական գործունեությունը:

Հերմինե Նաղդալյանը նշել է նաեւ այն երկրները, որոնց պատվիրակություններն աջակցել են հայկական պատվիրակներին: Դրանք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեյցարիան, Գերմանիան:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...