Տպել
12.06.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը հունիսի 11-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի անդամ Շահլա Միրբիգուլոյ Բայաթի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այդ հարցում էական դերակատարություն կարող են ունենալ երկու խորհրդարանների բարեկամական խմբերը: Շնորհակալություն հայտնելով Իրանի իշխանություններին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ վշտակցության համար՝ տիկին Մուրադյանը կարեւորել է ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ եթե 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, հետագայում այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Այս համատեքստում նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջխորհրդարանական համագործակցության պլատֆորմ, որով աշխարհի խորհրդարաններին կոչ է արվում իրենց խորհրդարաններում նույնպես ստեղծել նման պլատֆորմներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ կանանց իրավահավասարությանը, կրոնական համայնքների գործունեությանը, ընտանիքում կանանց դերին, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Երկու երկրների խորհրդարանական կանանց միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու եւ զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: