Տպել
22.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա անդրադարձել է հատկապես սիրիական խորհրդարանի՝ Ցեղասպանության դատապարտման քննարկումներին նվիրված նիստին եւ բարձր գնահատել Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի ազդեցիկ ելույթը:

ԱԺ նախագահի խոսքով՝ Սիրիան մեր պատմության մեջ ունեցել է ճակատագրական նշանակություն. 20-րդ դարի սկզբում նա ապաստան է տվել հազարավոր հայ գաղթականների:

Խոսելով Սիրիայում ընթացող պատերազմի մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Սրբոց նահատակաց եկեղեցու ոչնչացմանը եւ իր մտահոգությունը հայտնել սիրիացի ժողովրդին բաժին հասած արհավիրքների համար:

Ազգային ժողովի նախագահն իր բարեմաղթանքներն է հղել Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, ներքաղաքական կայունություն:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը նշել է, որ իր համար պատիվ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը:

Նա փաստել է, որ չնայած Սիրիայում տիրող իրավիճակին՝ իրենք նախընտրել են այս օրերին լինել եղբայրական հայ ժողովրդի կողքին, կիսել նրա վիշտը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ նա նշել է, որ այդ երկիրը ծայրահեղական իսլամիստական գաղափարախոսության կրողն է:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը, կարեւորելով Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները, նշել է, որ պետք է պայքարել ցեղասպանությունների, պատերազմների եւ բնաջնջումների դեմ՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով ծայրահեղականության եւ ժխտողականության բոլոր դրսեւորումների վրա: