Տպել
16.04.2015
Ազգային ժողովի նախագահը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագծել ինտեգրման զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր: Նա կարեւորել է նաեւ առկա մարտահրավերների համար համատեղ լուծումներ փնտրելու եւ գտնելու հնարավորությունը:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, դարձավ մոտ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Այս փաստը ներդրումների համար մեր երկրները դարձնում է գրավիչ:

Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է նաեւ, որ ԵՏՄ կարեւորագույն ձեռքբերումներից է մաքսային արգելքների վերացումը, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս նվազեցնելու ֆինանսական ծախսերը եւ առեւտրային գործառույթների ժամկետները: Նա նշել է, որ պետք է ջանալ, որպեսզի եվրասիական ընդհանուր շուկան գործի ունիվերսալ, թափանցիկ եւ հասկանալի օրենսդրությամբ:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ առաջիկա տարիներին այս ուղղությամբ անելիքները շատ են եւ այդ ընթացքում պետք է առաջնորդվել ԵՏՄ պայմանագրով: Ըստ ԱԺ նախագահի՝ կառուցելով ինտեգրացիոն մոդելներ՝ կարեւոր է տեսնել ապագան, տեսնել այն հեռանկարները, որոնք բացվում են յուրաքանչյուր մասնակցի համար, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորման համար ամբողջությամբ: Նա փաստել է, որ այն պայմաններում, երբ Եվրասիական նախագիծը իրականություն է դարձել, մենք արդեն կարող ենք եւ պետք է ամրապնդենք համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր ծրագրեր, որոնք կբխեն այն ընկալումից, որ պատմական հեռանկարում անհրաժեշտ է շարժվել դեպի ազատ տնտեսական տարածքի ստեղծում՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ:

«Մեր կարծիքով շատ կարեւոր է ապահովել ինտեգրացիոն միության թափանցիկությունը: Անկասկած, եվրասիական ինտեգրման գործընթացի հաջող եւ արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է: Այս համատեքստում մեր երկրների խորհրդարանների հիմնական խնդիրը, կարծում եմ, տնտեսական համագործակցության գործընթացներին չմիջամտելն է: Մենք կարող ենք իրավական դաշտում վերացնել հնարավոր բացթողումները, ինչպես նաեւ բարելավել օրենսդրությունը՝ այն համահունչ դարձնելով միջազգային լավագույն փորձին: Դրա նպատակն է մեր երկրների կառավարությունների կողմից Եվրասիական տնտեսական միության գաղափարների իրականացումը»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանի ղեկավարը, եզրափակելով իր ելույթը, հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:




15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...