Տպել
03.04.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Ապրիլի 3-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում երկրորդ ընթեցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ ստացված առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է եւ փաթեթը լրամշակվել է: Հիշեցնենք, որ փաթեթը կարգավորում է մասնավոր գերեզմանատներ հիմնելու եւ դրան առնչվող հարցերը: Համապատասխան նախագծով սահմանվում է, թե որ կատեգորիայի հողերում կարող են հիմնվել մասնավոր գերեզմանատներ: Ի պատասխան հարցերի փոխնախարար Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ կարգավորվել են մտահոգիչ մի շարք հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է, որ պայմանագրի ժամկետը չերկարացվելու դեպքում մասնավոր գերեզմանոցում ամփոփված աճյունը դիակիզվելու է եւ աճյունասափորով անժամկետ պահվելու է հուշապատում:

Մասնավոր գերեզմանատներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել նաեւ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը: Նշենք, որ նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ ներառված է ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում: Նախաձեռնության համահեղինակ Հովհաննես Մարգարյանն առաջարկել է միացնել երկու օրենսդրական նախաձեռնությունները, քանի որ երկուսն էլ միտված են կարգավորելու մասնավոր գերեզմանատներին վերաբերող իրավահարաբերությունները:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ առաջիկայում խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցը եւ թեմաները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝ գյուղական ֆինանսավորում, գյուղական ենթակառուցվածքներ, ֆերմերների իրազեկում եւ աջակցություն, ծրագրի կառավարում: Համաձայնագրով մասնավորապես նախատեսվում է հանրապետության յոթ մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է ՀՀ եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբետ գետի վրա կառուցել նոր կամուրջ, որի շինարարական աշխատանքները կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթով նախատեսված պայմաններով:

Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների եւ իմունիտետների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է իր տարածքում հիմնել ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչություն, սահմանվում են նաեւ վերջինիս հիմնման եւ գործունեության, ինչպես նաեւ արտոնություններ տրամադրելու պայմանները:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկման արդյունքում պատգամավորների առաջարկով հեղինակը համաձայնել է նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարով՝ հետագայում լրամշակված նախագիծ ներկայացնելու նպատակով: