Տպել
30.03.2015
Տեղի է ունեցել խորհրդարանների նախագահների հանդիպումը
1 / 8

Մարտի 30-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ ռուսական պատվիրակության անդամները:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ այս այցը նույնպես կխթանի մեր երկրների միջպետական հարաբերությունները, կնպաստի հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը:

Աժ նախագահը կարեւորել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ այդ ոճրագործությունը պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ հանրության կողմից:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են բավականին դինամիկ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Պետական դումայի պատգամավորներ: Պետդումայի խոսնակը նշել է, որ առաջիկայում կընդունվի համապատասխան փաստաթուղթ, որը կարտահայտի ռուսական կողմի վերաբերմունքը պատմական այդ իրողության նկատմամբ:

Սերգեյ Նարիշկինը կարեւորել է նաեւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառումների անցկացումը Հայաստանում եւ բարեկամ հայ ժողովրդի անուրանալի դերն այդ մեծ հաղթանակի գործում: