Տպել
17.03.2015
Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի մասին» բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ
1 / 1

«Հարգելի գործընկերներ,
Վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրա արդյունքում առաջացած գերլարվածությունը հանգեցրել են բարդ եւ վտանգավոր իրավիճակի, որի շուտափույթ կարգավորումը բխում է բոլորիս շահերից:

Առաջացած վակուումի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել` առկա հին ու դեռեւս չլուծված հակամարտություններին նորերի ավելացումը կանխելու, միջազգային հարաբերություններում առաջացած անկայուն մթնոլորտի թեժացումը նվազեցնելու համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մեր մտահոգությունների մասին: Միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունները անմիջականորեն են հարում մեզ, քանզի ավելի քան կես միլիոն հայեր բնակվում են Ուկրաինայում ու հարցի շուտափույթ լուծումը մեզ համար առաջնային է:

Մենք, ինչպես բազմիցս ենք նշել, կողմնակից ենք ցանկացած հակամարտության խաղաղ լուծման տարբերակին: Ցանկացած ճգնաժամ իր հանգուցալուծումը պետք է գտնի բացառապես խաղաղ միջոցներով` լայն ու բաց երկխոսության համատեքստում, ինչպես նաեւ բանակցությունների հիման վրա` ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի, իսկ կոնկրետ Ուկրաինայի հարցում նաեւ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Ուկրաինայում քաղաքական իրավիճակի սրման համատեքսում, որը հանգեցրել է միջազգային լարվածության, պետք է գործի համագործակցությունը` ուղղված խաղաղության ու կայունության հաստատմանը:

Այս հարթակում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ներկայացված բանաձեւի կապակցությամբ մեր պատվիրակությունը միակարծիք չէ: Մենք քվեարկելու ենք՝ հիմնվելով մեր համոզմունքների վրա, առաջնային համարելով հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման տեսլականը»: