Տպել
12.03.2015
Ասուլիս խորհրդարանում
1 / 4

Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 8-11-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Չեխիայի Հանրապետություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Պատվիրակության կազմում է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում բացված լուսանկարների ցուցադրության բացմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցադրությունը տեւելու է մինչեւ մարտի 22-ը, այն կայացել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: Ցուցադրությունը կայացել է Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո եւ կրում է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» անվանումը: Բացմանը ներկա են եղել Չեխիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի, հայ համայնքի ներկայացուցիչները, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Հաջողված գնահատելով ցուցադրությունը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկայացված լուսանկարներն ու վավերագրերն առավել պարզ եւ մատչելի ներկայացնում են 100 տարի առաջ եւ այլ ժամանակահատվածներում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, ժամանակի՝ միջազգային հանրության արձագանքն ու անդրադարձը կատարվածին, որոնք վկայում են թե կատարվածը, թե ներկայացնում են դատապարտումները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին՝ պարոն Մինասյանը հույս է հայտնել, որ Չեխիայից եւս կլինի ներկայացուցչական պատվիրակություն:

Մարտի 10-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ-դասախոսություն է ունեցել Պրահայի Կարլի համալսարանում կայացած «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովում, որին մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ներկա է եղել նաեւ Չեխիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ահմեթ Նեչատի Բիգալին:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը թուրքական կողմն ընդունել է առանց ագրեսիվության, թուրքական կողմից եղած արձագանքները եղել են պատշաճության սահմաններում:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիա-Հայաստան պատգամավորական խմբի, Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Երկուստեք կարեւորվել է հարաբերությունների խորացումն ու սերտացումը:

Արծվիկ Մինասյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...