Տպել
13.02.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Փետրվարի 13-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է պաշտպանության նախարարության զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային եւ լրատվական հաստատությունների գործունեության օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նշված հաստատություններին տալ պետական հիմնարկի կարգավիճակ, ընդ որում, պարոն Նազարյանի դիտարկմամբ, զորամասերն ստեղծվելու են պաշտպանության նախարարի հրամանով, իսկ ռազմաբժշկական, ռազմաուսումնական եւ նախարարության համակարգում գործող մշակությային եւ լրատվական հաստատություններն ստեղծվելու են կառավարուության որոշմամբ:

Արա Նազարյանը նշել է, որ զորամասի կանոնադրությունը, գործունեության խնդիրները, նպատակները, գործառույթները, կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող գույքի, այդ թվում նաեւ զենքի ու ռազմամթերքի կազմը, դրանց օգտագործման կարգն ու գործունեության հետ կապված այլ հարաբերություններ հաստատվելու են նախարարի հրամանով: Իսկ կառավարության որոշմամբ ստեղծվող ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային ու լրատվական հաստատությունների անվանումը, գտնվելու վայրը, գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Պարոն Նազարյանը նշել է, նաեւ, որ ըստ նախագծի` զորամասերն ու համապատասխան հաստատությունները կունենան ինքնուրույն հաշվեկշիռ, պետական զինանշանի պատկերով ու զորամասի պայմանական համարով կլոր կնիք, ինչպես նաեւ զորամասի պայմանական համարով ձեւաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ: Այս բոլոր հաստատությունների գույքը ձեւավորվելու է պաշտպանության նախարարության կողմից զորամասերին ամրակցված գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է` զորամասերն ու համապատասխան հաստատություններն իրավունք են ունենալու իրենց կցված գույքն ինքնուրույն օգտագործելու, սակայն ոչ օտարելու կամ վարձակալությամբ հանձնելու:

Զորամասերն ու համապատասխան հաստատությունների պահպանման ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից, իսկ ֆինանսական գործունեությունն իրականացվելու է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ֆինանսական կառավարման եւ հսկողության գործընթացը կանոնակարգող այլ օրենքներով ու իրավական ակտերով:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


13.02.2015
Պարգեւատրում խորհրդարանում
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների: ԱԺ նախագահը թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը եւ ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվու...