Տպել
08.12.2014
Նախատեսվում է վերանայել լրագրողների հավատարմագրման կարգը
1 / 2

Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանից սկսած՝ լրագրողների հավատարմագրումը նախատեսվում է իրականացնել նոր կարգով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգի նախագծում փոփոխությունների վերաբերյալ լրագրողների ու ոլորտի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների տեսակետներն ու առաջարկությունները լսելու համար դեկտեմբերի 8-ին՝ մինչ նախագծի հաստատումը, այն քննարկվել է նախ աշխատանքային ձեւաչափով:

ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը ներկայացրել են նախատեսվող նոր մոտեցումները՝ փաստելով դեռեւս 2009թ. ընդունված կարգը նոր իրողություններին համահունչ դարձնելու եւ տարընթերցումների տեղիք տված որոշ կետեր վերանայելու անհրաժեշտությունը: Բանախոսները նշել են, որ քննարկման հիմնական նպատակն է մինչեւ որոշումն ընդունելը կարգը հանձնել բուն հասցեատերերի՝ լրագրողների դատին` շրջանառության մեջ դնելով փոխհամաձայնեցված ընդունելի տարբերակ: Նախագծում վերանայվել են հավատարմագրման հիմքերը, հստակեցվել որոշ ձեւակերպումներ, հավատարմագրման ընթացակարգերը դարձվել ավելի ճկուն, իսկ լրատվամիջոցներին տրվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու նպատակով ավելի շատ հավատարմագրված լրագրող ունենալու հնարավորություն:

Հարցուպատասխանի ընթացքում հնչել են որոշ առաջարկներ, հեղինակները հայտնել են դրանք քննարկելու եւ ընդունելու պատրաստակամություն: Առաջարկներն ամփոփելու եւ դեռեւս քննարկելի որոշ կետերի անդրադառնալու համար խմբագիրները, լրագրողները եւ ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կրկին կհրավիրվեն խորհրդարան: