Տպել
08.12.2014
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները դեկտեմբերի 8-ին հանդիպել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն ամուր հիմքեր եւ հավելել, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ուրուգվային 1965 թ.-ին առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. աշխարհի շատ երկրներ հետեւել են հենց Ուրուգվայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պրն. Ավետիսյանը կարեւորել է միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, գոհունակությամբ արձանագրել երկու երկրների համագործակցությունը միջազգային ատյաններում՝ մասնավորապես բանաձեւերի քվեարկությունների ժամանակ:

Անհրաժեշտ համարելով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը՝ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ընդգծել է, որ պետք է ակտիվացնել կապերը հատկապես զբոսաշրջության ոլորտում՝ հաշվի առնելով Ուրուգվայի առաջընթացն ու փորձն այդ բնագավառում:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ Դանիել Աստորին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ կարեւորել բարեկամական խմբի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նշվել է նաեւ բարեկամական խմբի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու, փոխայցերը ակտիվացնելու ու համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: