Տպել
09.07.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարանն այցելեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Համալսարանի նախագահ Հարություն Արմենյանը համառոտ ներկայացրեց ՀԱՀ անցած տարիների ձեռքբերումներն ու ապագայի ծրագրերը: Ըստ պարոն Արմենյանի, այստեղ ուսանողն ունի ոչ միայն կենտրոնական դեր, այլեւ անձնական հատկանիշներ: Համալսարանը գործում է, հիմքում ունենալով 4 կարեւոր բաղկացուցիչ` ընտրություն, որակ, տեխնոլոգիաներ եւ ձեռներեցություն: Թվայնացված են ՀԱՀ բոլոր ծրագրերը, դրանց թվում Հայ դասական մատենագրության  գրադարանը, որն այստեղ սովորող յուրաքանչյուր ուսանողի համար գիտելիքի  անփոխարինելի աղբյուր է: Համալսարանի ապագան, ըստ Հարություն Արմենյանի, ներկայացվում է այսպես. «Համալսարան ողջ տարածաշրջանի եւ բոլոր հայերի համար»:

Պարոն Արմենյանը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղեկցեց նաեւ համալսարանի «Փափազյան գրադարան», որտեղ կիրառվում է ավտոմատացման համակարգը: Սա նշանակում է, որ րոպեների ընթացքում ուսանողին հասանելի կարող է լինել ցանկացած գրականություն: Գրադարանում գործում է նաեւ էլեկտրոնային տվյալների բազա: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եղավ նաեւ ՀԱՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետում, որ անցած տարի տվել է առաջին շրջանավարտները, Լինգաֆոնային կաբինետում: Այցի ավարտին ԱԺ նախա գահն ասաց, որ այցից եւ ծանոթությունից ստացել է մեծ տպավորություններ եւ կարեւորեց այն հանգամանքը, որ շրջանավարտների համար համալսարանը երաշխավորում է նաեւ որակյալ աշխատանք: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ կսահմանվի ԱԺ հատուկ կրթաթոշակ` լավագույն ուսանողի համար:

Վերջում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՀԱՀ ուսանողների եւ դասախոսների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: