Տպել
12.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահին
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ նկատվող ակտիվ շփումները մեծապես կնպաստեն հայ-սերբական բազմակողմ հարաբերությունների առաջընթացին: Պարոն Սահակյանը հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման հարցում կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցելությունները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միակ ձեւաչափն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում նա կարեւորել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը:

Գալուստ Սահակյանը, հիշեցնելով, որ գալիք տարում լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի մարդկության դեմ ուղղված նման ոճիրներն անպատժելի թողնելը նույնն է, ինչ թույլ տալ դրանց կրկնությունը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային կառույցներում համագործակցության եւ փոխշփումների ակտիվացման անհրաժեշտությունը միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու առումով, ինչը, պարոն Սահակյանի համոզմամբ, զերծ կպահի քվեարկությունների ժամանակ տեղի ունեցող թյուրիմացություններից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այս կապակցությամբ գոհունակությամբ նշել ընթացիկ տարվա մարտին կայացած հայ-սերբական առաջին գործարար համաժողովի մասին: Պարոն Սահակյանն անհրաժեշտ է համարել նաեւ հայ-սերբական միջմշակութային կապերի աշխուժացումը, ինչը, նրա կարծիքով, կնպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Հայաստանում իրեն զգում է գրեթե իր հայրենի քաղաքում՝ Բելգրադում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում, բարեկամական խմբերի փոխայցելությունները: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաեւ տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը գրառում է կատարել ԱԺ Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային ժողովի շենքում, եղել է նիստերի դահլիճում:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...