Տպել
10.10.2014
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 1

Հոկտեմբերի 10-ին ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբի անդամները հանդիպել են Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունը Երեւան է այցելել «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ առանձնակի կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ներկայիս բարձր մակարդակը: Երկու ժողովուրդների ազգային ավանդույթներին եւ մշակույթին ծանոթանալու եւ միմյանց առավել լավ ճանաչելու համար նա արժեւորել է փոխադարձ այցերի ու երկկողմ շփումների ակտիվացումը: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ պարոն Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն եւ այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն: Խմբի ղեկավարն ընդգծել է, որ Իրանում կա մեծաթիվ հայ համայնք եւ երախտիքի խոսք է ասել Իրանի իշխանություններին ու քաղաքացիներին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խոսելով 2015 թվ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներից՝ նա հույս է հայտնել, որ իրանական պատվիրակությունը այդ օրերին կլինի հայ ժողովրդի կողքին ու ապրիլի 22-24-ը կմասնակցի ոգեկոչման արարողություններին:

Խմբի անդամներ Արտակ Զաքարյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ Արման Սահակյանը եւս կարեւորել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Շորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մասուդ Նոսրաթը ներկայացրել է Ղազվինի պատմությունն ու քաղաքի կառավարման մոդելի առանձնահատկությունները: Նա կարեւորել է հայ-իրանական համագործակցությունը հատկապես տնտեսության, զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի ոլորտներում: Պարոն Նոսրաթը հայկական կողմին հրավիրել է մասնակցելու Ղազվինի տոնին նվիրված միջոցառումներին: