Տպել
09.10.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններից, մանավորապես քննարկվել են համագործակցության հեռանկարները:

Արտակ Զաքարյանը եւ Էլենի Թեոխարուսը նաեւ խոսել են տարբեր մակարդակներում Եվրախորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ առկա աշխատանքային հարաբերությունները խորացնելու հնարավորություններից: Նշվել է եվրոպական կառույցների հետ հետագա համագործակցության մի շարք առաջնահերթություններ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել տիկին Թեոխարուսի մոտեցումը՝ ԼՂ ժողովրդի ազատ եւ անվտանգ ապրելու կենսական իրավունքների անվերապահ պաշտպանության գործում:

ԵԽ պատգամավոր Էլենի Թեոխարուսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության զարգացմանն ու երկխոսությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: