Տպել
09.10.2014
Կայացել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը
1 / 3

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել եւ նիստի օրակարգային հարցերը ներկայացրել հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովը:

ԱՊՀ անդամ-պետություններում 2015 թ. պետական բյուջեի մասին օրենքի մշակման եւ ընդունման ընթացակարգերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել հանձնաժողովի անդամները՝ ներկայացնելով իրենց երկրներում բյուջետային քննարկումների ընթացակարգերը:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը եւ ներկայացրել Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակն ու ոլորտում իրականացվող առաջիկա քայլերը: Նա նշել է, որ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունն ուղղված է առեւտրային ընթացակարգերի ազատականացմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Պարոն Ավետիսյանը հույս է հայտնել նաեւ, որ առաջիկայում Հայաստանի տնտեսության զարգացման ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ: Փոխնախարարի խոսքով՝ ներդրումների եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով վերջին տարիներին երկրում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքները տեսանելի են: Նա անդրադարձել է նաեւ զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում զարգացման միտումներին եւ հեռանկարներին, արտահանմանը եւ ներմուծմանը, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

2014 թ-ին ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների բյուջեների մուտքերի փոխանցման, ֆինանսական պարտականությունների կատարման ընթացքի, վեհաժողովի գործունեության ապահովման եկամուտների եւ ծախսերի կարգավորման հարցերի շուրջ ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական վարչության պետ Աննա Ռուխմակովան: ԱՊՀ ՄԽՎ 2015 թ. գործունեության ծրագրի նախագիծը եւ 2016-2017 թթ. աշխատանքների կազմակերպման ու ֆինանսական ապահովման նախնական ծրագրերը ներկայացրել է հանձնաժողովի քարտուղար Վիկտոր Միխայլյուկը: Հանձնաժողովի նախագահ Մաքսատ Սաբիրովն իր զեկույցում անդրադարձել է վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագրին եւ այս համատեքստում խոսել 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցում հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի եւ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանն իր ելույթում ներկայացրել է իր ղեկավարած կառույցը՝ նշելով, որ այն իրականացրել է վերլուծական, մեթոդական եւ խորհրդատվական գործունեություն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործընթացում, սեմինարներ է կազմակերպել ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրական իրավունքների իրացման թեմայով, ՀՀ ընտրական օրենսդրությանը եւ դրա զարգացման հեռանկարներին վերաբերող հետազոտություններ իրականացրել:

Ղազախստանի խորհրդարանի ֆինանսական եւ բյուջետային հանձնաժողովի անդամ Լազզատ Տուրլաշովն առաջարկել է ընդլայնել ինստիտուտի մասնաճյուղերը:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովը հաստատել է զեկույցները: Հաստատվել է հանձնաժողովի հաջորդ նիստի նախնական օրակարգը եւ անցկացման ժամկետը: Հաջորդ նիստը կայանալու է 2015 թ. առաջին կիսամյակում:

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: