Տպել
03.10.2014
«Փարաջանովի հետադարձ լույսը» արվեստի աշխատանքների ցուցահանդեսը Գեղարքունիքում
1 / 6

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը` Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ներկա է գտնվել մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որն այս անգամ անցկացվում էր Գավառում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում: Ըստ կազմակերպիչների` ծրագիրը մեծ արձագանք է գտել Գեղարքունիքում: Ծրագրի տարածքային փուլին հաջորդել է մարզային փուլը: Մրցույթին մասնակցել են 1200 պատանիներ ու երիտասարդներ` 8-ից 17 տարիքային խմբերում: Մարզային փուլ է դուրս եկել 51 մասնակից:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել պատասխանատուներին` միջոցառման հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու եւ արձագանքելու համար: Ըստ Արտակ Դավթյանի` նախաձեռնությունը կարեւոր է, քանի որ Հայաստանն աշխարհին ներկայանում է իր հարուստ մշակույթով` վկայելով, որ հայն իր էությամբ մշտապես եղել է արարող եւ ստեղծագործող: Ըստ նրա` մշակութային այս միջոցառման նպատակն էլ հենց դա է` ոչ միայն ուշադրության կենտրոնում պահել տաղանդաշատ պատանիներին ու աղջիկներին, այլեւ բացահայտել շնորհալի երեխաներին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ժյուրիի անդամ Կարինե Աճեմյանը նշել է, որ տոնի վերածված  այս հիշարժան օրը երեխաները երկար կհիշեն: Պատգամավորի կարծիքով` բազմաբնույթ մշակութային ծրագրերի նպատակն է` խթանել երեխաների հմտությունների ու կարողությունների զարգացումը, բացահայտել նրանց բնատուր ձիրքն ու տաղանդը: Այս ձեռնարկը, ըստ Կարինե Աճեմյանի, նրանց ապագայի ճանապարհը հարթելու առաջին քայլն է:

Այնուհետեւ ժյուրիի անդամները դիտել են երեխաների նկարները, կոլաժային աշխատանքները, ընտրել են ութ լավագույն աշխատանք, որոնք կցուցադրվեն ՀՀ Ազգային ժողովում: Միջոցառումից հետո հյուրերը շրջել են երկրագիտական թանգարանում, ծանոթացել են թանգարանի ցուցանմուշներին: