Տպել
03.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Շանթ» հեռուստաընկերությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է «Շանթ» հեռուստաընկերությանը` հիմնադրման 20-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Շնորհավորում եմ «Շանթ» հեռուստաընկերությանն ու նրա աշխատակազմին հիմնադրման 20-ամյակի առթիվ: Լինելով մեր պետության գրեթե հասակակիցը՝ «Շանթ» հեռուստաընկերությունը դարձել է նաեւ նրա նորօրյա պատմության ուղեկիցը՝ իր մասնակցությունն ունենալով այդ պատմությունը վավերագրելու գործում: 20 տարիների ընթացքում հասարակական-քաղաքական բազմազան ներկապնակով, բովանդակալից հաղորդումներով, արհեստավարժ կադրերով «Շանթը» հեռուստաեթերում ամրագրել է իր ստեղծագործական յուրատեսակ ոճը: Ստեղծվելով որպես տարածաշրջանային հեռուստաընկերություն՝ նա տարիների ընթացքում ընդարձակեց հեռարձակման ծածկույթն ու հեռուստալսարանը՝ իրավամբ համերկրային դառնալով թե ստեղծագործական, թե տեխնիկական առումով, միաժամանակ, հեռուստադիտողների լայն շրջանակ ձեւավորելով Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:
«Շանթի» եւ մեր երկրի կյանքի ռիթմերը համընկնում են, ինչը նշանակում է, որ հեռուստաընկերությունը մշտապես գործում է ժամանակին համահունչ՝ զգալով իրադարձությունների ընթացքը, լինելով այդ իրադարձությունների կիզակետում եւ դրանք փոխանցելով հեռուստադիտողին, նրա հետ ստեղծելով փոխվստահելի հարաբերությունների մթնոլորտ, ոչ միայն հավասարակշռված արտացոլելով գործընթացները, այլեւ ձեւավորելով հասարակական կարծիք եւ բարոյական ուղենիշներ: Անցած երկու տասնամյակում «Շանթը» նորարական մոտեցումների, ստեղծագործական ու մասնագիտական վարպետության, տեխնիկական հագեցվածության եւ հեռուստածրագրերի ու հաղորդումների լայն սպեկտրի շնորհիվ դարձել է հայկական հեռուստաշուկայի ծանրակշիռ մասնակիցներից մեկը՝ իր ներդրումն ունենալով պետականության կայացման, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում:
Եւս մեկ անգամ շնորհավորելով «Շանթ» հեռուստաընկերությանը 20-ամյակի առթիվ՝ մաղթում եմ նոր հետաքրքիր նախագծեր, ստեղծագործական նոր մտահղացումներ եւ շարունակական առաջընթաց, իսկ հեռուստաընկերության ողջ աշխատակազմին՝ լավատեսություն, բարեկեցություն եւ նորանոր ձեռքբերումներ»: