Տպել
03.10.2014
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի նիստը
1 / 4

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ մերժել են Մակար Եղիազարյանի, Ազատուհի Սիմոնյանի, Արշակ Մուսախանյանի, Հրայր Մանուկյանի, Ժորա Սարգսյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանականները քվեարկության արդյունքում ընդունել են Լուսինե Փիրոյանի, Խաչիկ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին »ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են նաեւ Կարեն Ամիրյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետության հետ անձի կայուն իրավական կապն է ` հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ անձին որպես իր քաղաքացի ճանաչելու հիման վրա, որը ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ,պարտականություններ եւ պատասխանատվություն: Հարակից զեկուցող Վարդուհի Սարգսյանը հավելել է , որ օրենքի նախագիծը վերաբերում է ՀՀ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների սահմանմանը, ՀՀ քաղաքացու դիմումը մերժելու հիմքերին եւ այլ իրավահարաբերություններին:

Հարցի քվեարկությունը տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստում:

Երիտասարդ պատգամավորները քննարկել են Գոհար Մկոյանի եւ Կառլեն Խաչատրյանի հեղինակած «Գովազդի մասին ՀՀ օրենքում» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: