Տպել
23.05.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հունաստանի դեսպանին
1 / 1

Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ հայ-հունական միջխորհրդարանական կապերը կշարունակվեն զարգանալ եւ ամրապնդվել:

ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, կարեւորեց Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: Այս համատեքստում կարեւորվեց երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Գալուստ Սահակյանը նշեց, որ 2015 թ-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը եւ շնորհակալություն հայտնեց դեռ 1996 թ-ին Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը հարցի միջազգայնացման ուղղությամբ կարեւոր քայլ էր:

Հունաստանի դեսպանը նույնպես անհրաժեշտ համարեց երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ կարեւորց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը: Նա երախտագիտություն հայտնեց մայիսի 19-ին Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից քրիստոնյա ժողովուրդների եւ մասնավորապես Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը Ազգային ժողովի նիստում մեկ րոպե լռությամբ հարգելու համար:

Կողմերը կարեւորեցին տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, նշելով, որ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար կա չօգտագործված մեծ ներուժ: Երկուստեք կարեւորվեց համագործակցության խորացումը միջազգային կառույցներում: