Տպել
23.05.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Դիլիջան
1 / 6

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ մայիսի 23-ին կազմակերպել էր այց Դիլիջան: Այցի նպատակն էր մարզի համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակիչների, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել «Համայնքների խոշորացում» թեման:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը բացման խոսքում նշեց, որ կառավարությունը ծրագրել է գնալ համայնքների խոշորացման: Նրա գնահատմամբ՝ սա կարեւոր բարեփոխում է եւ այցի նպատակն է մինչ խորհրդարանում խոշորացման վերաբերյալ օրինագիծը կդրվի շրջանառության, տեղում համայնքի բնակիչների ու ոլորտի պատասխանատուների հետ քննարկել խնդիրը եւ հասկանալ նրանց կարծիքը: Պարոն Մարգարյանը նշեց, որ նման բարեփոխումներն իրականացնելը բավականին բարդ է, աստիճանաբար պետք է իրականացվի: Նա տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ համայնքների խոշորացման փորձը ուսումնասիրելու նպատակով իրենք այցելել են Լատվիա եւ Էստոնիա: Ըստ նրա՝ կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել՝ սկզբնական շրջանում նախատեսելով համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր իրականացնել՝ խոշորացման տարբերակները քննարկելու եւ խնդիրները հասկանալու համար:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից մշակվել է համայնքների խոշորացման հայեցակարգը, կառավարության գործունեության ծրագրում եւս կա դրույթ համայնքների խոշորացման վերաբերյալ: Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինքնանպատակ խոշորացում չի լինելու, համայնքների խոշորացման ռեֆորմի հաստատման համար յուրաքանչյուր խոշորացվող համայնքում տեղի է ունենալու տեղական հանրաքվե՝ բնակչության կարծիքը հասկանալու համար: Նա ասաց, որ այժմ մի շարք համայնքների խոշորացման վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, քննարկումներ են կազմակերպվում:

Հանձնաժողովի անդամներ Մնացական Մնացականյանը եւ Արայիկ Աղաբաբյանը, մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարեւորեցին նման հանդիպումները՝ բնակիչների ընկալումներն հասկանալու եւ առաջարկներին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նրանք համոզմունք հայտնեցին, որ այս հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե խոշորացման ինչպիսի մոդել է անհրաժեշտ մեր երկրին ու քաղաքացիներին եւ հավաստիացրին, որ հնչած բոլոր առաջարկները ներկայացվելու են կառավարության հետ հարցը քննարկելիս:

Քննարկումն անցավ մեծ ակտիվության պայմաններում: Ելույթ ունեցողները խոսեցին եւ իրենց մտահոգություններն արտահայտեցին համայնքների խոշորացման փնջային եւ շրջանային մոդելների, նրանց դերի բարձրացման, խոշորացման արդյունքում աշխատատեղերի կրճատման հնարավորության, համայնքապետերի եւ ավագանիների լիազորությունների, տարածքների համաչափ զարգացման եւ այլ հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները եւ ոլորտի փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրին խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները, պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին: Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ԱԺ մշտական հանձնաժողովին այցի համար:

Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ հանձնաժողովը բաց է եւ հրապարակային, պատրաստ է հանդիպելու եւ քննարկելու բոլոր առաջարկները եւ դիտողությունները: Նա տեղեկացրեց, որ համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկումներ կլինեն նաեւ այլ մարզերում:



16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...