Տպել
21.05.2014
Բաց դաս խորհրդարանում
1 / 4

Մայիսի 21-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Արագածոտնի մարզի Աղձք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու բարձր դասարանցիները, ովքեր ներկա գտնվեցին ԱԺ լիագումար նիստին եւ հետեւեցին պատգամավորների օրինաստեղծ գործունեությանը:

Նրանց հետ հանդիպեցին եւ Ազգային ժողովի, նրա մշտական հանձնաժողովների կառուցվածքի ու գործառույթների, օրինաստեղծ աշխատանքի մասին պատանիներին հետաքրքրող տեղեկություններ հաղորդեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով ծնունդով Աղձք գյուղից է:

Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում Արտակ Դավթյանը եւ Արագած Ախոյանը դպրոցականներին հորդորեցին լավ սովորել, նպատակային օգտագործել ժամանակը եւ զինվել գիտելիքներով, չգայթակղվել հրապուրիչ անվանումներ ունեցող մասնագիտություններով, այլ ընտրել ժամանակի պահանջներին համապատասխանող եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող արհեստներ եւ մասնագիտություններ, ամուր թելերով կապված մնալ ծննդավայրին, նրա հող ու ջրին:

Հանդիպման ավարտին Աղձքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ հետաքրքիր զրույցի համար: