Տպել
19.05.2014
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Մայիսի 19-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները հիշեցին Պոնտոսի հույների ցեղասպանության օրը՝ մայիսի 19-ը, եւ  մեկ րոպե լռությամբ  հարգեցին   անմեղ զոհերի հիշատակը:

Խորհրդարանը հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը  եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված 7 օրինագծերը:

ԱԺ պատգամավորները ողջունեցին  «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Գեղարքունիքի Ծաղկունք գյուղի դպրոցականներին եւ ուսուցիչներին:

Ազգային ժողովը շարունակեց նախորդ նիստում ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը օրինագծեի վերաբերյալ ներկայացրեց Թեւան Պողոսյանը: Նրա գնահատմամբ՝ երկու օրենքները պետք է տարանջատվեն եւ քննարկվեն առանձին - առանձին, քանի որ խմբակցության համար անընդունելի է խոշոր ձեռնարկությունների համար աուդիտը պարտադիր չլինելու մասին առաջարկը, որը ներառված է առաջին նախագծում:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով իրենց խմբակցությունների տեսակետները, նույնպես անընդունելի համարեցին խոշոր կազմակերպությունների՝ աուդիտի ենթարկելու պահանջի հանելը, որը, ըստ նրանց, կվնասի ոչ միայն հաշվապահական հաշվառման քաղաքականության իրականացմանը, այլեւ կստեղծի ստվերը խրախուսելու բացասական նախադեպ:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է աուդիտը հանելուն, հետեւաբար նաեւ օրինագծին, քանի որ աուդիտի՝ որպես հանրային հաշվետվողականության  եւ տնտեսական գործոնի դերն ու արդյունավետությունը շատ ցածր է, եւ  ձեւական բնույթ է կրում:

Ամփոփիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ աուդիտը, ըստ էության, հանրային ու սոցիալական հաշվետվության նշանակություն պետք է ունենա, այնինչ այդ դերը նա ոչ միայն չի կատարում, այլեւ չի գործում պատասխանատվության ինստիտուտը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվում է   աուդիտի պահանջը  վերացնել՝ կախված միայն իրացման շրջանառությունից եւ ակտիվների հաշվետվողականությունից՝ հավելելով, որ չի վերացվում հաշվետվության հրապարակային պահանջը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նշանակման հարցը:

ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ջավադյանի թեկնածությունը:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Արթուր Ջավադյանը  ներկայացրեց  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները՝  անդրադառնալով գների կայունության ապահովմանն ու դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին: Արթուր Ջավադյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Մկրտիչ Մինասյանը, Գագիկ Մինասյանը եւ Խոսրով Հարությունյանը իրենց ելույթներում դրական գնահատեցին Արթուր Ջավադյանի գործունեությունը ԿԲ նախագահի պաշտոնում եւ հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը:

Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ խմբակցության պատգամավորները ազատ են իրենց կամարտահայտման մեջ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը կապված չէ թեկնածուի անձի հետ՝ տեղեկացնելով, որ խմբակցության պատգամավորները  չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ Արծվիկ Մինասյանը խոսեց բանկային համակարգի ֆունկցիոնալ հակասությունների մասին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը, դեմ լինելով ընդհանուր համակարգային, այդ թվում նաեւ բանկային ոլորտի քաղաքականությանը, չի մասնակցելու քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց ԿԲ վարած դրամավարկային եւ գների կայունության ապահովմանն ուղղված ոչ հետեւողական քաղաքականության մասին եւ հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝  Միքայել Մելքումյանը մատնանշեց բանկային համակարգի, մասնավորապես վարկային քաղաքականության թերությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ մայիսի 20-ի նիստում:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...